Նախիջեւանում  իրանա-ադրբեջանական սահմանի անցակետերը գործում են մասնակի:  Turan-ին Նախիջեւանի աղբյուրը հայտնել է, որ նոյեմբերի 11-ի առավոտից իրանական կողմը սկսել է թողնել քաղաքացիներին, սակայն դեռեւս չի թողնում ավտոմեքենաները եւ ուղեւորատար ավտոբուսները:

 Գործակալությունը գրում է, որ սահմանի իրավիճակի մասին պաշտոնական տեղեկություն ստանալ չի հաջողվում: Ադրբեջանի Սահմանային եւ Մաքսային ծառայություն զանգահարել չի հաջողվում, այդ թվում՝ Իրանում Բաքվի դեսպանատուն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին իրանա-ադրբեջանական սահմանին՝ Նախիջեւանի Շարուրի շրջանի Դամիրչի գյուղի մոտ, տրակտոր էր գնդակոծվել: Ադրբեջանական կողմը մեղադրել էր իրանցի զինվորներին եւ  բացատրություն էր պահանջել: Դրանք չստանալով՝ Ադրբեջանի իշխանությունները փակել էին Շահթախթիի մոտակա անցակետը: Ի պատասխան՝ իրանական կողմը նոյեմբերի 7-ին փակել էր Բիլյասուվարի եւ Ջուլֆայի անցակետերը: Այդպիսով՝ Նախիջեւանից մուտքն Իրան ամբողջությամբ փակվել էր: Նշենք, որ Նախիջեւանի բնակիչները Ադրբեջան են մեկնում ավտոբուսներով եւ մեքենաներով՝ Իրանի տարածքով:    Այժմ նրանք կարող են Բաքու հասնել միայն օդանավով: 

Թեհրանը քննադատել է Բաքվին՝ Պոլդեշտում անցակետի փակման համար եւ փակել է Ջուլֆայում ու Բիլյասուվարում եղած անցակետերը 

 Սա Իրանի կողմից սահմանը փակելու առաջին դեպքն է: Փորձագետները չեն բացառում, որ տրակտորի գնդակոծման  միջադեպն ինչ-որ կերպ կապված է  թմրանյութերի ապօրինի տեղափոխման հետ: Համենայն դեպս, թմրաթրաֆիքի մեծ մասը Ադրբեջան է գալիս Իրանի կողմից՝ ցամաքային սահմանով: