Հայաստանն ու Իրանը քննարկում են Իրանից Հայաստան մտնող գազի ծավալները ձմռան ամիսներին մեծացնելու հնարավորությունը: Ի թիվս այլոց, նաեւ այս հարցն է քննարկվել Թեհրանում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հանդիպման ժամանակ:

Նրանք քննարկել են նաեւ Իրան-Հայաստան էլեկտրաէներգիայի եւ գազի փոխանակման ծրագրի ընթացքը, նաեւ հետագա համագործակցության ծրագրերն ընդլայնելու հնարավորությունները:

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպել է նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ եւ նրան է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու առկա հիմքերը: Նախագահ Ռոուհանին բարձր է գնահատել Իրանի եւ Հայաստանի միջեւ եղած բարեկամական կապերը` կարեւորելով երկու հարեւան ժողովուրդների միջեւ մշակութային եւ տնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդումը:

Իրանի ղեկավարը խոսել է նաեւ համատեղ տնտեսական ծրագրերի մասին եւ հույս է հայտնել, որ այդ նախագծերը հնարավորինս շուտ կյանքի կկոչվեն: