Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը կարող է վնասել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, Կոնգրեսին զգուշացրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին:

Պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու աշխարհի տերությունները պատրաստ են համաձայնագիր կնքել, որով Իրանի նկատմամբ պատժամիջոցները կարող են մեղմացվել Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակումները դադարեցնելու երաշխիքի դիմաց:

Սակայն, պետքարտուղարի խոսքով, բանակցությունները կարող են ձախողվել, եթե նոր պատժամիջոցներ կիրառվեն, եւ Իրանը որոշի պատասխանել դրանց:

Բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի նոյեմբերի 20-ին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, Ժնեւում Իրանի եւ «Վեցյակի» վերջին բանակցությունների արդյունքում համաձայնագիր չէր ստորագրվել: Քերրին ձախողման պատասխանատվությունը բարդել էր Իրանի վրա: ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրն էլ նման գնահատականներն իրականությանն անհամապատասխան էր անվանել: