«Պրոտոն-Մ» հրթիռակրի վթարի համար Ղազախստանը հաշիվ է ներկայացրել Ռուսաստանին: Պատճառված վնասի չափը չի նշվում՝ հասարակությանը «չանհանգստացնելու համար»:
«Վերջին վթարի արդյունքում, ես թիվը չեմ ասի, որպեսզի չանհանգստացնեմ հասարակությանը, բայց մեր կոմիտեն հաշվարկել է բնապահպանական վնասը, այդ վնասը ներկայացվել է ռուսական կողմին: Հիմա ռուսական կողմը քննարկում է՝ ընդունելի՞ է վնասի այդ գումարը, որը հաշվարկել են մասնագետները: Դա բանակցությունների առարկա է եւ մենք կտեսնենք, թե ինչպես է արձագանքում Ռուսաստանը»,-ասել է Ղազախստանի շրջակա միջավայրի եւ ջրային ռեսուրսների փոխնախարար Բեքթաս Մուհամեդջանովը՝ Աստանայում կայացած ֆորումի ժամանակ, հաղորդում է Tengrinews.kz-ը:
Վթարը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 2-ին: «Պրոտոն-Մ» հրթիռակիրը «Գլոնաս-Մ» արբանյակներով մեկնարկից 30 վայրկյան հետո ընկել է եւ պայթել Բայկոնուր տիեզերակայանում:





























