Կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալների թիվը հասավ երեքի: NEWS.am-ի տեղեկություններով՝ գործի շրջանակներում Քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) մեղադրանք է առաջադրվել Դավիթ Մարկոսյանին, նրան կտեղափոխեն «Նուբարաշենի» հոգեբուժարան, քանի որ դեռեւս բուժում պետք է ստանա:

Ավելի վաղ այս գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Ռազմիկ Մանուկյանին եւ Արշակ Թորոսյանին, այս երկու զինծառայողներին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով(խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,): Նրանք կալանավորված են եւ գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ի երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով, զինվորները հարձակվել են նաեւ հերթապահ բժշկի վրա, այնուհետեւ դիմել փախուստի: «ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները եւ ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել»,- նշել է Հովհաննիսյանը: Փախուստի դիմած 4 զինծառայողներն էլ հայտնաբերվել էին: