Առաջին ընտանի շները կարող էին ի հայտ գալ Եվրոպա մայրցամաքում, այլ ոչ թե Ասիայում կամ Մերձավոր Արեւելքում, ինչպես կարծում էին նախկինում:

Այս մասին նոր ուսումնասիրություն է հրապարակվել Science ամսագրում:

Քալիֆորնիայի համալսարանից Ռոբերտ Ուեյնը եւ նրա գործընկերները պարզել են, որ Եվրոպան կարող է  լինել շների հայրենիքը՝ «մարդկանց վաղեմի ընկերների» եւ նրանց վայրի նախնիներ գայլերի գենոմների հատվածներ ուսումնասիրելով, որոնք վերցվել էին Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում գտնված ոսկորներից:

Գիտնականները գենոմները վերլուծելով ու համեմատելով ժամանակակից շների ու գայլերի գենոմների հետ՝ երկու անսպասելի եզրահանգում են կատարել: Նախ, հնագույն գորշ գայլերի սերունդը, որոնց շների անմիջական նախնի կարող ենք համարել, վերացել է եւ սերունդ չի թողել:

Երկրորդ՝ գենոմների համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ շների նախահայրենիքը ոչ թե Արեւելյան Ասիան է եղել կամ Մերձավոր Արեւելքը, որտեղ նրանց ընտելացրել են 15-20 հազար տարի առաջ: