Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն, այսօր՝ նոյեմբերի 15-ի իր նիստում, արգելեց մեկ տասնյակից ավելի համակարգչային տեխնիկայի խանութերին վաճառել Microsoft-ի չարտոնագրված արտադրանքը:
Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում հաստատվել է, որ մի շարք ընկերություններ սպառողներին առաջարկվում են համակարգչային ծրագրերի չարտոնագրված տարբերակներ: Այդ խանութներն են՝ «IT Master», «NIX Computers», «LED Computers», «AG Electronics», «ONLINE PLUS», «HARD POWER SYSTEMS», «FULLOPSYS», «IT Plasa», «Compass», «LANZA», «SP tech Computers», «SMART SHOP», «FREEGATE», «Статура»:
ՏՄՊՊՀ-ի որոշմամբ՝ նշված ընկերությունները ստացան խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով: Համաձայն օրենսդրության, նման իրավախախտումների համար նախատեսված է նաեւ քրեական պատասխանատվություն, հետեւաբար Հանձնաժողովը նյութերը կուղարկի ՀՀ ոստիկանություն: Այդ մասին ՏՄՊՊՀ-ի այսօրվա նիստում հայտարարեց Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Հանձնաժողովի վարույթն իրականացվել է «Մայքրոսոֆթ» ընկերության հեղինակային իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող «Բի Էս ԷՅ» ընկերության դիմումով: ««ԲԻ ԷՍ ԷՅ» ընկերությունը այս տարվա մայիսին ավարտել է Հայաստանում համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից չլիցենզավորված օրինակների տեղադրման վերաբերյալ մոնիթորինգի հերթական փուլը:
Երեւանի 58 խանութներում իրականացված դիտանցումների արդյունքում բացահայտվել են հենային (չարտոնագրված) տարբերակների վաճառքի բազմաթիվ դեպքեր:





























