ԱՄՆ-ն պատրաստ է Իրանին տրամադրել մի շարք տնտեսական միջոցներ, որոնք Թեհրանին մինչեւ 10 միլիարդ դոլար կփոխհատուցեն, որը Իսլամական Հանրապետությունը կորցրել էր գործող պատժամիջոցների պատճառով:
Ըստ Daily Beast-ի, որը վկայակոչում է ԱՄՆ-ի ղեկավարության աղբյուրները, փոխհատուցման առաջարկը հնչել էր անցյալ շաբաթ Ժնեւում՝ իրանական կողմի հետ միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցությունների ընթացքում: Մասնավորապես՝ խոսքը Իրանին նավթ եւ այլ ապրանքներ արտահանելու հնարավորություն տրամադրելու մասին է:
Ավելի վաղ, ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսում, Իրանի հետ ԱՄՆ-ի փոխհարաբերությունների փորձագետ Քոլին Քելը հայտարարել էր, որ Վաշինգտոնի մշակած պատժամիջոցները մեղմացնելու վերաբերյալ փաթեթը Իրանին հնարավորություն կտա ընդհանուր առմամբ ստանալ 6-7 միլիարդ դոլար: Իրանի համար դա հարաբերական համեստ ներդրում է՝ պատժամիջոցների պատճառով կրած կորուստների հետ համեմատած, նշում է Daily Beast-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 14-ին ամերիկյան Կոնգրեսին կոչ էր արել նոր պատժամիջոցներ չկիրառել Իրանի դեմ: Օբաման նշել էր, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը միջուկային խնդրի հարցում պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում «շատ չափավոր» կլինի, հիմնական սահմանափակումներն ուժի մեջ կմնան:





























