ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունից (FAA) հետո, որը թույլատրել էր թռիչքի եւ վայրէջքի ժամանակ անձնական էլեկտրոնային սարքերից օգտվելը, ԵՄ-ի իշխանությունները պատրաստվում են համարժեք քայլ կատարել: Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) խոստացել է այս ամսվա ընթացքում հրապարակել ավիաընկերությունների առաջարկները, որոնք թույլ կտան ուղեւորներին թռիչքի ողջ ընթացքում օգտվել սմարթֆոններից, պլանշետներից, mp3 նվագարկիչներից, հայտնում է «Hi-Tech վեստի»-ն:
Կա մեկ սահմանափակում՝ նման սարքերում պետք է միացված լինի «Թռիչքային ռեժիմը», որը բացառում է զանգեր կատարել: EASA-ի ընթացիկ օրենքներն արգելում են գաջետներ օգտագործել թռիչքուղի ուղեւորվելիս, թռիչքի եւ վայրէջքի ժամանակ: Սպասվում է, որ ապագայում EASA-ն նաեւ ուղեւորներին թույլ կտա խոսել բջջային հեռախոսներով, երբ օդանավն օդում լինի:
Հիշեցնենք, որ FAA-ն էլեկտրոնիկայից օգտվելու սահմանափակումները մեղմացրել էր հոկտեմբերի 31-ին: Գործակալությունը թույլ էր տվել միացնել նաեւ Wi-Fi եւ Bluetooth: Ընդ որում, սարքերում 3G-կապը պետք է անջատված լինի:





























