NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Սարդարապատ գյուղում սպանված 41-ամյա Արմեն Եփրեմյանի եւ նրա դեմ իրականացված վենդետայի մասին: «Թեփ Արմենը» մոտ 6 տարի առաջ առեւանգել է «օրենքով գող»  43-ամյա Գոռին եւ որպես փրկագին պահանջել 200-250 հազար դոլար, ինչը այդ տարիներին շատ մեծ գումար էր: Գոռի հարազատները չեն կարողացել վճարել այդ փրկագինը եւ մինչեւ այսօր Գոռը անհետ կորած է համարվում: 

Գոռի  հարազատները նրանից վաղուց են ցանկացել վրեժխնդիր լինել, սակայն Մոսկվայում Արմենին շատ մարդիկ են ուղեկցել եւ հնարավոր չի եղել դա իրականացնել: Հետեւաբար , երբ եկել է Հայաստան, Գոռի հարազատներից Նժդեհը կատարել է սպանությունը: Ի դեպ, վերջին շրջանում Մոսկվայում մարդկանց առեւանգելու եւ փրկագին պահանջելու  հանցախմբի պարագլուխը հենց Արմենն է եղել: Նրանից շատերն են ցանկացել վրեժխնդիր լինել եւ նա էլ անմասն չի մնացել մահափորձերից: Մոսկվայում նրան փորձել են պայթեցնել, սակայն ընդամենը ծնկից ներքեւ մի ոտքն  է կորցրել եւ պրոտեզ է դրված եղել:  Դրանից հետո նա ստացել է իր 3-րդ մականունը` Չոլախ, «Ստուկաչ» եւ Թեփ» մականուններից հետո:

Հիշեցնենք,  որ 41-ամյա Արմեն Եփրեմյանը (մականունը՝ «Թեփ Արմեն») սպանվելուց առաջ պատրաստվել էր գնալ հայրական տուն եւ իր ձեռքով տան դուռը բացել, ուր Ռուսաստանից վերադառնալուց հետո դեռ չէր հասցրել այցելել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էին նրա ազգականները: Իսկ սպանվելուց առաջ կնոջ հայրական տանից դուրս գալիս նրա հետ նաեւ իր կինն է եղել: Ավելին` կնոջը չէին ասել, որ Արմենը մահացել է, այլ փորձում են հանգստացնել, թե վիրահատության միջոցով փորձում են փրկել կյանքը: Ազգականները պատմել էին, որ Արմենը կնոջ հետ 12 տարի է՝ ինչ Հայաստանում  չեն եղել: Բայց Արմենը ընդհանուր առմամբ 20 տարի է, ինչ Ռուսաստանում է գործունեություն ծավալում:  «Անսպասելիորեն աները վատացել էր: Լեղապարկը հեռացրեցին, չկարողացան կյանքը փրկել, իրենք էլ եկան հասան այդ արարողությանը, ու այսպիսի փորձանք  տեղի ունեցավ»,- նշեցին ազգականները: Տեղեկացել էինք նաեւ, որ Արմենը 12 տարի առաջ կնոջն առեւանգել եւ մեկնել է Մոսկվա: Այդ տարիների ընթացքում առաջին անգամ էր վերադառնում Հայաստան: Նա ունի երկու որդի՝ 12 եւ 4 տարեկան: Սպանվածի եղբայրը, ծնողները Մոսկվայում են: Նրանք արդեն տեղյակ են կատարվածի մասին: Արմենը  ՌԴ-ում դատապարտված է եղել եւ  բացատրություն էլ է տվել ոստիկանական բաժանմունքում, ինչի համար նրան «Ստուկաչ»-ով են սկսել դիմել: Հանցաշխարհում նա հաճախ մարդ առեւանգելու պատվերներ է ստացել:

Ոստիկանությունից տեղեկացանք,  որ  փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանություն): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով: Քրեական գործ է հարուցվել նաեւ  235 հոդվածի հատկանիշներով`ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Սույն հոդվածն էլ պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: Նշենք, որ ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժինը օպերատիվ աշխատանքների արդյունքում  ժամերի ընթացքում հայտնաբերել էր  մարդասպանին: Ոստիկանության Արմավիր բաժնի  պետ` Արամ Հովհաննիսյանից  էլ NEWS.am-ը տեղեկացավ, որ  21-ամյա  Նժդեհ Եփրեմյանը՝ օրենքով գող» Գոռի հորեղբոր տղան ձերբակալված է: 

Պատրաստեց  Տաթեւ Մեսրոպյանը