Իրանի միջուկային ծրագրի միջազգային միջնորդների «վեցյակը» եւ Թեհրանը համաձայնության են հասել, եւ այժմ այն պետք է ձեւակերպել՝ համատեղ փաստաթուղթ մշակելով, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՏՎՑ հեռուստաալիքի  «Պոստսկրիպտում» ծրագրի եթերում:

«Իրանի արտգործնախարարի հետ բանակցությունները հաստատել են, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ եւ «վեցյակը», եւ Թեհրանը պատրաստ են ոչ միայն ներկայացնել իրենց դիրքորոշումները, որոնք մեծ մասամբ իրար չեն հակասում, այլեւ փնտրել շփման եզրեր: Այժմ սկզբունքային ոչ մի տարաձայնություն չկա գործնականում լուծվող հարցերի կապակցությամբ», - ասել է Լավրովը:

«Խոսքը ձեռքբերված պայմանավորվածությունը դիվանագիտական լեզվով ճիշտ ձեւակերպելու մասին է, որպեսզի դա իսկապես համատեղ փաստաթուղթ լինի, այլ ոչ թե դրսից պարտադրված ինչ-որ բան», - հավելել է նա: «Մեր ընդհանուր տպավորությունն այն է, որ շատ լավ հնարավորություն կա, որը չպետք է բաց թողնել», - եզրակացրել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վեցյակի» եւ Թեհրանի բանակցությունների հերթական փուլն ավարտվել էր նոյեմբերի 10-ին Ժնեւում՝ առանց որեւէ համաձայնագրերի ձեռքբերման, սակայն կողմերը հասկացրել էին, որ որոշակի առաջընթացի են հասել: