Ֆրանսիան չորս պայման է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «ժամանակավոր համաձայնություն» ձեռք բերելու համար: Այս մասին նոյեմբերի 17-ին Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ տեղի ունեցած բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Առաջին պայմանով` Իրանն իր ունեցած միջուկային բոլոր օբյեկտներն անհապաղ  պետք է հանձնի միջազգային վերահսկողության, երկրորդէ դադարեցնի ուրանի մինչեւ 20% հարստացումը, երրորդ` կրճատի ունեցած պաշարները, եւ  չորրորդ` դադարեցնի Արաքում կենտրոնի շինարարությունը», - հայտարարել է Օլանդը:

Ըստ նրա` «այդ չորս պայմանները միասին առաջարկել էին» «վեցյակի» երկրները` Ժնեւում Իրանի հետ բանակցությունների ընթացքում:   Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ «բանակցությունները միշտ էլ նախընտրելի են ուժ կիրառելուց», իսկ նպատակն այն է, որ «Իրանը վերջնականապես հրաժարվի միջուկային զենքից», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի եւ «վեցյակի» բանակցություններն ավարտվել էին նոյեմբերի 10-ին Ժնեւում, առանց համաձայնագիր կնքելու: ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտնել էր, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Ժնեւում` նոյեմբերի 20-ին: