Գիտության եւ նոր տեխնոլոգիաների նկատմամբ ամենամեծ հետաքրքրություն են ցուցաբերում սկանդինավյան երկրները, իսկ ամենաքիչը` նախկին սոցճամբարների բնակիչները: Այսպիսին են «Եվրոբարոմետրի» հարցման արդյունքները, որոնք անցակցվել են ԵՄ-ի 28 երկրներում: Նախագծի կայքը վկայակոչելով՝  մանրամասներ է մեջբերում  ScienceNow-ն:

Ուսումնասիրողները եզրակացրել են, որ գիտական ձեռքբերումներին ամենաքիչը տեղյակ են  նախկին սոցճամբարի բնակիչները, իսկ ամենաշատը գիտությամբ հետաքրքրվում են Շվեդիայում եւ Դանիայում: 

Հարցումը ցույց է տվել, որ դանիացիները եւ շվեդներն իրենց համարում են գիտության եւ տեխնիկայի հարցերում իրազեկ (65 եւ 61 տոկոս): Ռումինացիները, բուլղարացիները եւ խորվաթներն իրենց տեղեկացվածությունը բնորոշել են ամենից վատը` հավաքելով ընդամենը 25 տոկոս, հայտնում է  «lenta.ru»-ն:

Առանձին հարցը վերաբերում էր նրան, թե որքանով է պետությունն աջակցում աշակերտներին եւ ուսանողներին` գիտնականներ դառնալու նրանց ցանկության հարցում: Աջակցության մակարդակով առաջին տեղում է Մալթան: Հաջորդում են Բելգիան, Նիդեռլանդները եւ Դանիան, վերջին տեղերում են Բուլղարիան, Ռումինիան եւ Իսպանիան: Ընդ որում, նույնիսկ Մալթայում պատասխանողների կեսն աջակցությունը բավարար է համարել, իսկ Իսպանիայում միայն ինը տոկոսն է հայտնել, որ իշխանություններն անում են ամեն ինչ գիտության  մեր հաջորդ սերնդին ներգրավելու համար: