Իրանի միջուկային ծրագիրը միջազգային հանրության կողմից վերահսկելու խնդիրը լուծելու իրական հնարավորություն է հայտնվել: Նման տեսակետ է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի հետ հեռախոսազրույցում, որը կայացել է նոյեմբերի 18-ին՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Իր հերթին Իրանի ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի աշխատանքը` միջազգային միջնորդների վեցյակի բանակցություններում, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նախագահներն անդրադարձել են նաեւ «երկկողմ օրակարգի արդիական հարցերին, մասնավորապես` Բիշքեկում սեպտեմբերի 13-ին Ռուսաստանի եւ Իրանի առաջնորդների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն առնչվող»:
Երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել միջազգային խնդիրների վերաբերյալ: «Մանրամասն քննարկելով Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը` նրանք հաստատել են հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն իրենց կողմնակից լինելը եւ նշել «Ժնեւ-2» միջազգային կոնֆերանսի նախապատրաստման ջանքերի կարեւորությունը», - նշում է մամուլի ծառայությունը:





























