Իրանում ստեղծվել է անօդաչու օդանավերի նոր տեսակ` Fotros: Այս մասին հայտարարել է ԻԻՀ-ի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհգանը, ընդգծելով, որ  «նոր անօդաչու օդանավը ռազմավարական նշանակություն ունեցող սարք է»:

ԻՐՆԱ-ն հայտնում է, որ անօդաչու թռչող սարքն ունի «տպավորիչ չափեր», սակայն կոնկրետ տվյալներ չի հայտնել: Սարքի գործողության շառավիղը 2000 կմ է` 8 հազար մ բարձրությամբ առավելագույն թռիչքի ժամանակ:  ԻՐՆԱ-ն նաեւ հայտնել է, որ սարքի թռիչքի տեւողությունը 24-30 ժամ է:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Թեհրանի ավիակայանում, որտեղ ներկայացրել էին նոր Fotros անօդաչու օդանավը, պաշտպանության նախարարին  ցուցադրել են նաեւ նոր մոդելի սպառազինման տեսակներ` ներառյալ «երկինք-երկիր» տեսակի հրթիռները: Ըստ սարքը ստեղծողների` նոր անօդաչու թռչող սարքը կարող է օգտագործվել ոչ միայն ռազմական նպատակներով, այլեւ քաղաքացիական կարիքների համար: