Ապրիլի 6-7-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Տուրեն:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարից, այցի առաջին օրը նա հանդիպում կունենա ՀՀ տրանպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ, կայցելի Ցեղասպանության թանգարան եւ Սլավոնական համալսարան:
Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ կկազմակերպվի նաեւ կլոր սեղան` կապի, հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ: Հ. Տուրեի այցը կամփոփվի լրատվամիջոցների հետ հանդիպումով:
Տեղեկացնենք, որ ՀՄՄ-ն ՄԱԿ-ի տեղեկատվական հաղորդակցության առաջատար կազմակերպությունն է: Որպես պետական կառավարման մարմինների և մասնավոր հատվածի կոորդինացման համաշխարհային կենտրոն, այն օժանդակում է ոլորտում համագործակցության եզրերի որոնման գործընթացին: Միության հիմնական նպատակներից է` միջազգային տեղեկատվական դաշտում ստանձնել նորարարական և հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման և դրանց ներդրումային ապահովման առաջատար միջազգային կազմակերպության դերը` նպաստելով ժամանակակից տեղեկատվական դաշտում ծագող խնդիրների լուծմանը:
Հայաստանը Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ-պետություն է 1992թ.-ից:




























