Լիբանանում Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով 17 մարդ է զոհվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Բեյրութում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթի միջազգային նորությունների խմբագիր Վահրամ Էմեյանը:

Նրա խոսքով՝ տեղի է ունեցել կրկնակի ահաբեկչություն. «Մի քանի վայրկյան տարբերությամբ երկու պայթյուն է որոտացել: Առաջին պայթյունն ավելի թույլ էր, երկրորդը ականապատված մեքենայի պայթյունն էր: Դեռեւս անհայտ է, թե վիրավորները Իրանի դեսպանատան աշխատակիցներ են, թե սովորական քաղաքացիներ, որոնք այդ պահին եղել են դեսպանատան մոտ»:

Էմեյանի ներկայացմամբ, ներկա պահին որեւէ ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունների պատասխանատվությունը: Նա նաեւ նշել է, որ պայթյունները զգալի վնաս են հասցրել դեսպանատան եւ հարակից շենքերին, այրվում են տասնյակ ավտոմեքենաներ:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների, ինչպես նաեւ «շտապօգնության» աշխատակիցները: