Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության արդյունքում զոհվել է Իրանի դեսպանատան մշակույթի գծով կցորդը, հաղորդել են տեղի իշխանությունները: Վերջին տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել է 23 մարդ, վիրավորների թիվը հասնում է 146-ի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը: Ավելի վաղ նշվում էր 17 զոհի մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը՝ վկայակոչելով Բեյրութում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթի միջազգային նորությունների խմբագիր Վահրամ Էմեյանին, հայտնել էր, որ մի քանի վայրկյան տարբերությամբ երկու պայթյուն է որոտացել Իրանի դեսպանատան մոտ: «Առաջին պայթյունն ավելի թույլ էր, երկրորդը ականապատված մեքենայի պայթյունն էր: Դեռեւս անհայտ է, թե վիրավորները Իրանի դեսպանատան աշխատակիցներ են, թե սովորական քաղաքացիներ, որոնք այդ պահին եղել են դեսպանատան մոտ»,-ասել էր նա:

Էմեյանի ներկայացմամբ, ներկա պահին որեւէ ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունների պատասխանատվությունը: Նա նաեւ նշել է, որ պայթյունները զգալի վնաս են հասցրել դեսպանատան եւ հարակից շենքերին, այրվում են տասնյակ ավտոմեքենաներ:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների, ինչպես նաեւ «շտապօգնության» աշխատակիցները: