Հայաստանի ամերիկյան համալսարանում(ՀԱՀ) ստեղծվել է համակարգչային եւ տեղեկատվական գիտության հետազոտման եւ խթանման կենտրոն։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ՀԱՀ նորաստեղծ կենտրոնի հիմնադիրներից Արթուր Ասատրյանը՝ ավելացնելով, որ կենտրոնը միջնորդ է հանդիսանում ուսանողների եւ տարբեր տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միջեւ համագործակցության հաստատման համար։

«Հաճախ ուսանողները ունենում են այնպիսի նորարարական հազվագյուտ գաղափարներ, որոնք կյանքի կոչելով կարող են Հայաստանի համար շատ կարեւոր նշանակություն ունենալ»,- ասաց Ասատրյանը՝ ավելացնելով, որ ՏՏ ընկերություններում ծրագրերի իրականացումից բացի, ուսանողները կարող են որոշակի գումար վաստակել համալսարանում։

Ըստ կենտրոնի համահիմնադիր Լինա Հովհաննիսյանի՝ այժմ Ամերիկյան համալսարանում լուծման անհրաժեշտություն ունեցող տարբեր նախագծեր կան, որոնք կարող են գրել նաեւ ուսանողները եւ գումար վաստակել։

Նրա խոսքով՝ իրենց միջնորդությամբ ուսանողներն արդեն տվյալների մուտքագրման մեկ ծրագիր գրել են համալսարանի համար։