Forbes-ը հայտարարել է համացանցում Assassination Market («Սպանությունների շուկա») անվամբ ռեսուրսի հայտնվելու մասին, որի ստեղծողների նպատակն է ժամանակակից հայտնի քաղաքական գործիչներին  պատվերով սպանելու համար դրամական միջոցներ հավաքելը: 

Forbes-ի թղթակիցներից Է. Գրինբերգը պարզել է, որ կայքն աշխատում է հետեւյալ կերպ. ցանկացած այցելու կարող է  որոշակի գումար տրամադրել այս կամ այն մարդու սպանության համար, հայտնում է «Բիրժեւոյ լիդերը»:

Սպանության իրագործման դեպքում պատվեր կատարողը ստանում է կայքում հավաքված բոլոր միջոցները: Վճարումը կարելի է կատարել բիթքոյինների միջոցով  (էլեկտրոնային անանուն կրիպտոարժույթ):  «Սպանությունների շուկան» հասանելի է միայն անանուն Tor օնլայն ցանցի միջոցով:  Շուկան բացվել է չորս ամիս առաջ, եւ այնտեղ արդեն տեղադրվել են մի քանի «պատվերներ»:

Օրինակ` օգտվողները սկսել են գումար հավաքել ԱՄՆ-ի ԱԱԳ-ի ղեկավար Կ. Ալեքսանդրի  եւ նախագահ Բ. Օբամայի սպանության համար: Ամենաշատ գումար կարողացել է հավաքել  մեկ այլ ծրագիր` ԱՄՆ-ի ՀԴԲ-ի ներկայիս նախագահ Բեն Բերնանկեի սպանության ծրագիրը: Տվյալ նպատակի համար կայքից օգտվողներն արդեն հասցրել են վճարել 124 բիթքոյին (85000 դոլար):

«Սպանությունների շուկայի» ենթադրյալ հիմնադիրը, որը նամակագրության մեջ է մտել Forbes-ի լրագրողի հետ, հայտնել է, որ ապագայում կայքը մտադիր է բավականաչափ օգտվողներ հավաքել  եւ օգնել սպանել շատ քաղաքական գործիչների, որպեսզի «մյուսներին վախեցնեն»: «Սպանությունների շուկայի» հիմնադիրը նաեւ հայտարարել է, որ կայքը կօգնի ոչնչացնել ամբողջ աշխարհի  կառավարությունները, իսկ դա աշխարհը կփոխի եւ այն ավելի լավը կդաձնի: