ԵԱՀԿ-ն ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ կարողացել է նպաստել Հայաստանում ընտրական գործընթացների զարգացմանը` միջազգային լավագույն չափորոշիչներին եւ գործնական փորձին համապատասխան: Այս մասին նոյեմբերի 20-ին «Սոցիալական ցանցերը ժամանակակից հասարակությունների կյանքում. օգտագործումը եւ օգտատերեր» թեմայով միջազգային կոնֆերանսում հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը:
«Այսօրվա կոնֆերանսի նպատակը համացանցի դերի եւ ազդեցության վերաբերյալ քննարկումն է. նոր մեդիաների` սոցցանցերի, որոնք դարձել են մեր առօրյա կյանքի անքակտելի մաս: ԵԱՀԿ անդամ երկրների քաղաքական հետեւողականությունը ցույց է տվել` որքան հաջող է եղել գործի ընթացքում ամեն օր մեզ հանդիպող խնդիրներն առանձնացնելը` ներառյալ թվային հեղափոխության եւ համացանցի մարտահրավերները», - նշել է դեսպանը: Ըստ Սորոկինի` ԵԱՀԿ անդամ երկրները պետք է քայլեր ձեռնարկեն հաստատելու համար, որ համացանցը շարունակում է մնալ ազատ կարծիք հայտնելու հրապարակային ասպարեզ:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ քաղաքական շատ գործիչներ այն կարծիքին են, որ համացանցի բովանդակությունը չի կարելի համեմատել օֆլայն բովանդակության հետ: «Եվ այդ պատճառով էլ այդ բնագավառն, ըստ նրանց, ոչ միայն հատուկ օրենսդրության կարիք ունի, այլեւ` խիստ կարգավորման: Հայաստանում համացանցն ազատ է նման սահմանափակումներից», - եզրակացրել է Անդրեյ Սորոկինը:





























