Կասպից ծովում ոչ տարածաշրջանային երկրների ռազմական ներկայությունն անթույլատրելի է, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Մոսկվայում ընթացող մերձկասպյան պետությունների ԱԳ նախարարների տեղակալների մակարդակում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի մշակման հատուկ աշխատանքային խմբի 34-րդ նիստի բացմանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը կարծում է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի մշակման նախագծի նախապատրաստման աշխատանքները վատ չեն ընթանում եւ ժամանակն է կոնկրետացնել համագործակցության այն ուղղությունները, որոնք նշված են ավելի վաղ ստորագրված նախապատրաստվող համաձայնագրերում:

Լավրովը նշել է, որ Կասպիցի ծովային միջավայրի պաշտպանության թեհրանյան կոնվենցիայի նոր արձանագրությունների մշակումը, ինչպես նաեւ համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հիդրոմետեոլոգիան, Կասպից ծովի կենսաբանական ռեսուրսների ռացիոլան օգտագործումը, արտակարգ իրավիճակների նախազգուշացումն ու դրանց հետեւանքների վերացումը, գտնվում են ավարտական փուլում:

«Ավարտական փուլում է գտնվում 2010-ին ստորագրված Կասպից ծովում անվտանգության ոլորտում հակագործակցության մասին համաձայնագրի վավերացման գործընթացը, որը լավ հնարավորություններ է բացում մեր բոլորի համար արդիական համարվող մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ առավել արդյունավետ պայքարի համար»,-ասել է նա:

Նշենք, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման մասին հարցն արդիական է դարձել ԽՍՀՄ փլուզումից հետո: Այդ հարցում բարդությունը կապված է այն լիճ կամ ծով ճանաչելու հետ, քանի որ դրանք կարգավորվում են միջազգային իրավունքի տարբեր դրույթներով: Կասպիցի իրավական կարգավիճակի վերաբերյալ բանակցություններն ընթանում են մինչ օրս: