Երեւանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական կենտրոնում, այսօր՝ նոյեմբերի 21-ին մեկնարեկլ է «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով գիտաժողովը, որի ժամանակ ներկայացվել է «Նաիրի» կոնսորցիումի կողմից մշակված` ՏՏ ուսուցման ժամանակակից մեթոդաբանության վրա հիմնված լաբորատորիայի դպրոցական հայեցակարգը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գիտաժողովին ներկա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ու գիտաժողովի մյուս հյուրերին ներկայացվել է դպրոցական լաբորատորիայի հնարավորությունները եւ այն կրթական գործընթացում ներդնելու հեռանկարը: «Նաիրի» լաբորատորիայի պատասխանատուները հավաստիացրել են, որ  ռոբոտատեխնիկայի կրթական մեթոդաբանությունն այժմ փորձ է արվում դարձնել հայերեն: Ներկայումս ռոբոտիկայի խմբակներ գործում են հանրապետության 55 դպրոցներում, որոնցում ներգրավված է 900 աշակերտ: Սակայն այդ ցուցանիշը կարող է առավել մեծ լինել, եթե դպրոցները կարողանան ձեռքբերել համապատասխան լաբորատորիաներ՝ ինչը խմբակներ բացելու առաջին կարեւոր նախապայմանն է:

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն իր խոսքում, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին, նշել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններր եւ Հայաստանի կառավարությունը, մասնավորապես   ԿԳՆ-ն,  համագործակցության մեծ փորձ ունեն: «Նախարարության եւ  Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների համատեղ քննարկումների ընթացքում առաջ է քաշվել այն հարցը, որ ռոբոտիկայի խմբակները կարող են արդյունավետ լինել, ոչ միայն որպես արտադասարանական խմբակներ, այլեւ գուցե հնարավոր լինի մշակել մի այնպիսի մոդել, որը դառնա Հայաստանի կրթության հաջորդ ինտելեկտուալ բրենդը ՝շախմատից հետո: Այս պահին սա շատ ամբիցիոզ կանխատեսում է, սակայն անիրատեսական չէ: Այդ իմաստով շատ կարեւոր է ծրագրի հայկականացումը, որը հնարավորություն կտա կրթական բաղադրիչի մատուցումը մայրենի լեզվով կատարել»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ տեխնոլոգիական կրթության պահանջարկի խթանումը Հայաստանի կառավարությունը դիտարկում է առաջնահերթություն:

Միջոցառումը կազմակերպվել էր ԱրմՌոբոտիքսի «Հայաստանի ռոբոտոտեխնիկայի զարգացման եւ աջակցման ծրագրի» շրջանակում: