ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի առջև նոյեմբերի 21-ին հավաքվել է մի քանի տասնյակ մարդ՝ աջակցելու Վարդան Պետրոսյանին, որի խափանման միջոց կալանքը փոխելու փաստաբանի միջնորդությունն ժամը 16:00-ից դռնփակ նիստում քննարկում է դատարանը (ֆոտոռեպորտաժ)։
Դեարասանին սատարելու են եկել ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանն ու Ստեփան Սաֆարյանը, դերասաններ Աշոտ Մելոյանն ու Կարինե Ջանջուղազյանը, կինոգետ Արծվի Բախչինյանը, «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Պետրոսյանը։ Դերասանը նիստին չի մասնակցում առողջական վիճակի պատճառով, դատարանի մոտ նրա եղբայրն է։
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհված Էդգար եւ Էդուարդ Հակոբյանների ընտանիքի պաշտպան Մարատ Գինոսյանը դատարան չի ներկայացել։ Նրա փոխարեն եկել է Ռուբեն Բալոյանը:
Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու պահանջ-երաշխավորագրի տակ 10 հազար մարդ է ստորագրել։ Ստորագրությունները հանձնել են Կոտայքի մարզի դատախազություն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, եւ գտնվում է «Քանկոր» սիրտ-անոթային բժշկության կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից սրտի հետ կապված գանգատների պատճառով։











