33-ամյա իրանցի Մոհամմադ Զ.-ն 6 տարի շարունակ Հայաստանում նպաստել է հայ մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 33-ամյա Մոհամմադ Զ.-ն, երկու եւ ավելի անձանց օգտագործելով, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, Երեւան քաղաքի տարբեր դիսկո ակումբներում եւ այլ վայրերում ծանոթացել է մարմնավաճառությամբ զբաղվող Դիաննա Հ-ի, Մարգարիտա Հ-ի, Նաիրա Մ-ի, Արմինե Բ-ի, Մարիա Ա-ի, Թեհմինե Ա-ի եւ Գոհար Ա-ի հետ, 5.000-ական ՀՀ դրամ միջնորդավճարի դիմաց հաճախորդներով ապահովելու վերաբերյալ նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո: Նա 2007թ.-ից մինչեւ 2013թ. սեպտեմբեր ամիսը ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, սեռական հարաբերություն ունենալու համար կազմակերպել է մարմնավաճառների հանդիպումներն իրեն ծանոթ, ազգությամբ պարսիկ տղամարդկանց հետ եւ գույքային օգուտ ստանալով` յուրաքանչյուր անգամ 5.000-ական ՀՀ դրամ միջնորդավճար վերցնելով, նպաստել է նշված անձանց պոռնկությամբ զբաղվելուն:
Քրեական գործ է հարուցվել 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը` երկու կամ ավելի անձանց օգտագործելով): Սույն հոդվածը պատժվում է 3-6 տարի ազատազրկմամբ: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 21-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























