Կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ Դավիթ Մարկոսյանին այսօր կտեղափոխեն «Նուբարաշենի» հոգեբուժարան: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ նրան կտեղափոխեն հոգեբուժարան՝ դատահոգեբուժական փորձաքննություն անցնելու նպատակով: «Նուբարաշենի» հոգեբուժարանում են գտնվում նաեւ այս գործի շրջանակներում մյուս մեղադրյալները՝ Ռազմիկ Մանուկյանը եւ Արշակ Թորոսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ի երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով, զինվորները հարձակվել են նաեւ հերթապահ բժշկի վրա, այնուհետեւ դիմել փախուստի: «ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները եւ ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել»,- նշել է Հովհաննիսյանը: Փախուստի դիմած 4 զինծառայողներն էլ հայտնաբերվել էին:




























