Հայերը չեն հրաժարվի բջջային հետաքրքիր հայերեն քոնթենթից, նոյեմբերի 22-ին նման տեսակետ է հայտնել  «ԱրմենՏել»-ի (Beeline բրենդ) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Ընկերության գնահատմամբ՝ սմարթֆոնները կազմում են Հայաստանի բջջային սարքերի ավելի քան 20 տոկոսը: «Սա ավելի բարձր է, քան Ռուսաստանում, եւ ընդհանուր առմամբ այստեղ թանկարժեք հեռախոսների տարածվածությունը շատ մեծ է», – նշել է Պյատախինը «Բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում» թեմայով կոնֆերանսում, որի գլխավոր հովանավորն «ԱրմենՏել» ընկերությունն է:

Այնուամենայնիվ, սմարթֆոններ ունեցողներից  ոչ բոլորն են համացանցից օգտվում, ընդ որում՝ այդ խնդիրը բնորոշ է նաեւ Արեւմտյան Եվրոպային: «Ճապոնիայում կամ Հարավային Կորեայում ցանցում ակտիվ սմարթֆոնների չափաբաժինը հասնում է 80%-ի: Սակայն նման իրավիճակն ամենուր չէ: Չնայած դրան` սմարթֆոնների եւ պլանշետների շուկան արագ զարգանում է եւ շատ  հեռանկարային է», – նշել է Պյատախինը:

Ըստ նրա` զարգացման հեռանկարներ կան նաեւ հայերեն  բովանդակության համար: «Եվ այն, որ մայրենի լեզվով քոնթենթը կարող է սիրված լինել, ապացուցում են բազմաթիվ օրինակները: Ուկրաինայում տեսողությունն ստուգելու հավելված կա ուկրաիներեն ինստրուկցիայով, որը շատ կարճ ժամանակում ներբեռնել են միլիոն անգամից ավելի:  Լիտվայում լիտվերենով ժամանցային ուղեցույցը նույնպիսի  պահանջարկ է վայելում: Եվ նման օրինակները շատ են, քանի որ եթե քոնթենթն իսկապես հետաքրքիր է, հայ օգտատերերն այն կնկատեն»:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ»-ի դուստր ձեռնարկությունն է Հայաստանում: