ԵՄ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցների առաջին փաթեթը չեղյալ կհայտարարի դեկտեմբերին: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:
«Գործընթացը կսկսվի դեկտեմբերին», - ասել է նախարարը՝ «Եվրոպա-1» ռադիոկայանի եթերում: Նա չի ճշտել, թե առաջին հերթին կոնկրետ ինչպիսի պատժամիջոցների մասին է խոսքը, միայն նշել է, որ տվյալ գործընթացը «ընտրովի կլինի եւ հետադարձ ուժ կունենա», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փարիզում դրական են գնահատել Իրանի եւ միջազգային բանակցողների «վեցյակի» միջեւ Ժնեւում ձեռքբերված համաձայնությունը: Դա «ճիշտ ուղղությամբ կարեւոր քայլ է », հայտարարել են Ելիսեյան պալատում՝ հավելելով, որ Ֆրանսիան «կշարունակի ակտիվ գործունեությունը՝ այդ հարցով վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով»:



























