Facebook-ում արգելափակել են KermlinRussia միկրոբլոգի էջը: Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել է բլոգի հեղինակներից մեկը, փոխանցում է  Lenta.ru-ն:

KermlinRussia-ի արգելափակման բուն պատճառը չեն հստակեցնում: Ռուսաստանում Facebook-ի ներկայացուցչից եւս մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:

KermlinRussia էջ մտնելու փորձի ժամանակ ստանդարտ հաղորդագրություն է հայտնվում՝ «Էջը գոյություն չունի կամ այս պահին անհասանելի է»:

Ծաղրաբանական @KermlinRussia միկրոբլոգը նախապես հայտնվել էր Twitter-ում՝ 2010թ., երբ Դմիտրի Մեդվեդեւը թվիթերում նմանատիպ հասցե էր բացել՝  KremlinRussia: Միկրոբլոգի ստեղծողները երկար ժամանակ անհայտ էին եւ թաքնվում էին «Սաշա» եւ «Մաշա» կեղծանունների հետեւում: Այն մասին, որ բլոգը վարում են Արսենի Բոբրովսկին եւ Եկատերինա Ռոմանովսկայան, հայտնի էր դարձել 2013թ. ապրիլին: Իրենց իսկական անունները հասցեատերերը բացահայտել էին GQ ամսագրին: Բոբրովսկու եւ Ռոմանովսկայայի բլոգի հետեւորդների թիվը Twitter-ում հասնում է  650 հազարի: KermlinRussia-ն  նաեւ Forbes ամսագրում սյունյակ ունի: