«Վեցնյակի» ու Իրանի միջեւ համաձայնությունը առաջընթաց է բարդ բանակցություններից, երկար տարիների պատժամիջոցներից հետո, որոնք ավելի ու ավելի էին ծանրանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին է հայտնել Հայաստանում Գերմանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
«Այժմ ժամանակն է, երբ Իրանը սկսել է առաջ ընթանալ, եւ մենք հասել ենք վեցամսյա նախնական, ժամանակավոր համաձայնության: Սա եւս մեկ փուլ է վստահության հաստատման փորձում: Չնայած նրան, որ աշխատանքի մեծ մասը սպասվում է դեռ առաջիկայում, սա սկիզբն է ու շատ լավ հանգամանք է»,- նշել է Ռայներ Մորելը: Նա կոչ է արել սպասել ու հույս ունենալ, որ Իրանը կանի այն, ինչի շնորհիվ համաձայնության կհասնեն: Նրա համոզմամբ՝ թվում է, որ երկու կողմերն էլ պատրաստ են, հակառակ դեպքում չէին գնա առաջին քայլին: «Սա լավ քայլ է, ու կարծում եմ, դեռ միայն սկիզբն է: Հույս ունեմ ականատես կլինենք հետագա քայլերին»,- նշել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ՄԱԿ ԱԽ մշտական հինգ անդամներից ու Գերմանիայից բաղկացած «վեցնյակի» ու Իրանի միջեւ կայացավ համաձայնություն ԻԻՀ միջուկային ծրագրի շուրջ: Համաձայնության մեջ միջազգային հասարակությունը համաձայնում է անհրաժեշտության հետ ճանաչել Իրանի իրավունքը ուրան հարստացնել: Կես տարվա ընթացքում Իրանը կսառեցնի իր միջուկային ծրագիրն ու կկասեցնի Արաքայում ռեակտորի կառուցումը, հաղորդել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:




























