Հայաստանում ներքին տրաֆիկի փոխանակման հնարավորությունների մեծացման դեպքում հայկական կայքերի հոսթինգը կտեղափոխվի Հայաստան: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Արմիքս» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Ալբերտ Տոնեյանը՝ ավելացնելով, որ այժմ Հայաստանում ներքին ցանցի հզորացման եւ տրաֆիկի արագ փոխանակման խնդիրներն են լուծվում։

Ըստ նրա՝ Հայաստանի ներսում դրսի տրաֆիկի, այսինքն՝ ինտերնետի օգտագործված ծավալի գինը համապատասխանում է արտասահմանյան տրաֆիկի գնի հետ, ինչը վերջին տարվա ընթացքում ինտերնետի շուկայում կատարված փոփոխությունների արդյունքում է տեղի ունեցել։

Ըստ Հայաստանում ինտերնետային կայքերի հաճախելիության վիճակագրությամբ զբաղվող Circle.am ընկերության՝ այս տարվա փետրվարի տվյալների համաձայն, նույն ցանցում գրանցված հայկական կայքերի 76 տոկոսի հոսթինգն իրականացվում է արտասահմանում։

NEWS.am-ը հիշեցնում է, որ հայկական կայքերը նախընտրում են արտասահմանում հոսթինգն իրականացնել, ոչ թե Հայաստանի ներքին ցանցի ցածր թողունակության պատճառով, այլ հիմնականում մատչելի եւ որակյալ ծառայություն գտնելու համար։ Օրինակ՝ հայաստանյան շուկայում հայտնի Arminco ընկերությունը առաջարկում է ամսական 50 Գբ անվճար ծավալ, սակայն նշված թրաֆիկի լրանալու դեպքում յուրաքանչյուր հավելյալ Գբ դիմաց 1000 դրամ հավելավճար պետք է վճարվի։ NEWS.am կայքը, որը չի պարունակում մեծ ծավալի ինֆորմացիա, օրինակ՝ վիդեոֆայլեր, ամսական սպառում է 200 Գբ ինֆորմացիա, իսկ հայկական վիդեոֆայլեր պարունակող հայտնի կայքերը բնականաբար 200 Գբ-ից մի քանի անգամ ավելի թրաֆիկ են սպառում։ Փաստորեն, եթե NEWS.am-ի հոստինգը կատարեր Arminco-ն, պետք է ընկերությունից 150 հազար դրամ գումար ստանար։ Համեմատության համար նշենք, որ արտասահմանյան հոսթինգ ծառայություն մատուցող ընկերություններում «սահմանափակ թրաֆիկ» հասկացությունը վաղուց արդեն վերացել է, իսկ ծառայության դիմաց գանձվող ամենամեծ գումարը չի անցնում ամսվա ընթացքում 10 դոլարը։ Այնպես որ, եթե հայկական հոսթինգ ծառայություն մատուծող ընկերությունները առաջիկայում չվերանայեն գնային քաղաքականությունը, հազիվ թե հայկական շուկայում տիրող վիճակի զգալի փոփոխություն նկատվի։