Իրանը լիարժեք իրավունք ունի խաղաղ նպատակներին ծառայեցնել ատոմի էներգիան ու մտադիր չէ հրաժարվել իր միջոիկային ծրագրից: Այդ մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:

«Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում եւ ուղղված չէ զենք ստեղծելուն: Հենց այդ պատճառով էլ մենք կշարունակենք այն իրականացնել»,- ընդգծել է Ռոուհանին:

Ընդ որում նախագահը բարձր է գնահատել «վեցնյակի» (ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներ ու Գերմանիա) ու Իրանի միջեւ Ժնեւում կայացած բանակցությունների արդյունքները, որոնց հիման վրա ընթացիկ  համաձայնություն է կայացել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: «Այդ խորհրդատվությունները ցույց են տալիս, հնարավոր է արդյոք ԻԻՀ ու ԱՄՆ միջեւ փոխադարձ վստահության վերականգնումը: Ու թեւ գոյություն ունեցող բոլոր խնդիրները կարճ ժամանակում լուծել չի հաջողվի, վերջին ժամանակներում առաջընթաց է նշմարվում»,- համարում է Ռոուհանին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Վեցնյակի» հետ համաձայնության պայմաններով՝ Իրանն իր վրա պարտավորություն է վերցրել ուրան հարստացնել ոչ ավել  քան 5 տոկոս, իսկ կես տարի անց ոչնչացնել մինչեւ 20 տոկոս հարստացված միջուկային նյութերը: Բացի այդ Թեհրանը պարտավորվում է դադարեցնել ուրանի հարստացման նոր կենտրոնների շինարարությունն ու հարստացման ցենտրիֆուգների տեղարդումը, ինչպես նաեւ դադարեցնել պլուտոնիումի ստեղծման համար ցանկացած սարքավորման պատրաստման աշխատանքները: