Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը համեմատաբար բարվոք է, եւ այդ պատճառով էլ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան Հայաստանում է անցկացնում իր 37-րդ կոնգրեսը: Այդ մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է իրանցի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին:

Ճանաչված իրավապաշտպանը մանրամասնեց, որ, օրինակ, Թուրքմենստանում որեւէ գյուղից քաղաք գնալու համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ, Ղազախստանում լրագրողին լռեցնելու համար սպանել են նրա ընտանիքին, իսկ Իրանում լրագրողներն ու քաղաքական ընդդիմախոսները գտնվում են զնդաններում, խնդիրներ կան նաեւ Ուզբեկստանում եւ Ադրբեջանում:

NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, թե ի տարբերություն Իրանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի՝ Հայաստանը Եվրոպայի Խորհրդի անդամ է, եւ պետք է հավասարվի եվրոպական երկրներին, իրավապաշտպանն այդպես էլ չպատասխանեց: