Ազգային ժողովի 4 ոչ կոալիցիոն խմբակցությունների ջանքերով ԱԺ օրակարգ մտած Կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչը օրենքից հանելու առաջարկը դեկտեմբերի 3-ի ԱԺ նիստում քվեարկության չի դրվել: Այս մասին Ազգային ժողովի առջև պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ բողոքող ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին և նրանց միացած մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներին տեղեկացրեց ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը` նշելով, որ իրենք տեղյակ չեն, թե ինչու է հետաձգվել քվեարկությունը: Արամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց հավաքվածներին՝ իրենց դրսևորած ակտիվության համար` ընդգծելով, որ նրանց նախաձեռնության շնորհիվ է, որ այսօր 4 խմբակցություններ կարողացել են միավորվելով հասնել օրակարգում իրենց առաջարկն ընդգրկելուն, և այժմ էլ 4 խմբակցությունների ղեկավարները միասին քննարկում են իրենց հետագա անելիքները: Արամ Մանուկյանը խորհուրդ է տվել էլ ավելի ակտիվ լինել` նկատելով, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նախաձեռնությանը միացածների թիվն շատ ավելի մեծ է, քան Ազգային ժողովի առջև հավաքվածներինը:
Ակտիվիստներն իրենց հերթին դժգոհել են, որ պարտադիր կուտակային բաղադրիչի խնդիրը ոչ միայն իրենց պետք է անհանգստացներ, այլև ուսանողներին, որոնք վաղը նույնպես իրենց աշխատավարձերի փոշիացման խնդրի առջև են կանգնելու, սակայն որևէ համալսարանի ուսխորհուրդ իրենց բողոքին մինչև հիմա չի միացել:
Ցուցարարներն Ազգային ժողովի մոտ էին գնացել «Դեմ եմ պարտադիրին», «STOP կուտակային կենսաթոշակին», «Կրկին մեր հաշվին» գրությամբ պաստառներով, և Ազգային ժողովի ճաղավանդակին փակցրել էին «ՈՉ պետական գրպանահատությանը» գրությամբ ցուցապաստառ: Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակների մասին նոր օրենքը, որով նախատեսվում է յուրաքանչյուր քաղաքացու ամսական աշխատավարձից 5% պարտադիր հատկացում կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին:
Բողոքի ակցիան, որն անցնում էր ոստիկանների հսկողությամբ, շարժվել է դեպի Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր։



































