2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքից պարտադիր բաղադրիչը հանելու կամ առնվազն մեկ տարով հետաձգելու՝ ԱԺ չորս խմբակցությունների (ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅԴ) առաջարկը դեկտեմբերի 3-ի ԱԺ նիստում քվեարկության չի դրվել, որովհետեւ «ՀՀԿ» խմբակցության պատգամավորները ներկա էին դահլիճում, իսկ ՀՀԿ-ն պետք է չքվեարկի՝ նախաձեռնությունը տապալելու համար։ Դեկտեմբերի 3-ին այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «ՀԱԿ» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ խորհրդարանի առջեւ հավաքված՝ կուտակային բաղադրիչի դեմ բողոքող ցուցարարներին տեղեկացնելով, որ քվեարկությունը կատարվելու է վաղը՝ ժամը 12-ին։
«Կարող էին հիմա էլ քվեարկել, բայց դահլիճը մի քիչ շատ էր: Իրենք տեսնում են, որ այստեղ այսքան մարդ է հավաքված և բացասական քվեարկելու դեպքում գիտեն՝ ինչ արձագանք կլինի: Միգուցե խուսափեցին` մտածելով՝ վաղն այսքան շատ մարդ չի լինի»,- ասաց Արամ Մանուկյանը։
Պատգամավորը շնորհակալություն հայտնեց հավաքվածներին՝ իրենց դրսևորած ակտիվության համար` ընդգծելով, որ նրանց նախաձեռնության շնորհիվ է, որ այսօր չորս քաղաքական ուժեր, որոնք թեեւ ունեն շատ պրոբլեմներ միմյանց հետ եւ բազմաթիվ հարցերում տարակարծիք են, բայց միավորվել են այս ակցիայի շրջանակում:
«Իշխանությունը ոչնչից չի վախենում, բացի մարդկային զանգվածներից, բացի իր դեմ կանգնած կամավոր մարդկային քանակից: Այլ բանից նրանք չեն վախենալու, որովհետև նրանք ունեն պարզ խնդիր՝ որքան հնարավոր է փող կլպել, փող հավաքել, որ իրենց խնդիրները լուծեն: Որքան շատ փող, այնքան շատ թալան: Էս սկզբունքն աշխատում է, և նրանց համար ամենևին կարևոր չէ՝ ինչ կլինի մի ամիս հետո, մի տարի հետո, առավել ևս 20 տարի հետո»,- ասաց պատգամավորը։
Նա հավաքվածներին կոչ արեց դեկտեմբերի 4-ին նույնպես հավաքվել խորհրդարանի շենքի մոտ եւ հնարավորության դեպքում ներգրավել նաեւ այն մարդկանց, որոնք նույնպես դժգոհ են կենսաթոշակային բարեփոխումից եւ միացել են նախաձեռնությանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, սակայն այսօր չէին միացել ակցիային։
Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, հասարակական մի շարք կազմակերությունների անդամներ պահանջում են չեղյալ հայտարարել 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչը, որով նախատեսվում է յուրաքանչյուր քաղաքացու ամսական աշխատավարձից 5% պարտադիր հատկացում կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին:











