Դեկտեմբերի 3-ին Հ. Թումանյանի անվան Երեւանի պետական տիկնիկային թատրոնում կայացավ Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված «Մենք ենք» ներառական թատերական խմբի նոր ներկայացումը։ Ներկայացումը կայացել է «Գործի՛ր հանուն քո ապագայի» ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը հասարակություն՝ ուսումնական ծրագրերի եւ արվեստի թերապիայի միջոցով։

Այս անգամ, թատերախմբի սաները հանդիսատեսին ցուցադրեցին «Բարի ախորժակ» ներկայացումը՝ բեմադրված իտալացի գրող Ա. Մորավիայի հեքիաթների հիման վրա:

«ԱրմենՏել»  ընկերության սոցիալական քաղաքականության շրջանակում մշտապես առավելությունը տրվում է այն ծրագրերին, որոնք ուղղված են օգնել մարդկանց փոխելու իրենց կյանքը դեպի ավելի լավը: Ընկերությունն աջակցելով «Մենք ենք» ներառական թատերախմբի կայացմանը եւ հետագա շարունակական գործունեությանը, նպաստում է երեխաների յուրօրինակության, խառնվածքի, մտավոր եւ ֆիզիկական ներուժի բացահայտմանը՝ օգնելով հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ինտեգրվել հասարակություն շփվելով արվեստի ու գեղեցիկի հետ»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Մենք կարող ենք ասել, որ մեր եւ «ԱրմենՏել»  ընկերության նախաձեռնությունը կրում է շարունակական բնույթ։  Այս համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս առավել զարգացնել ու ընդլայնել «Գործի՛ր հանուն քո ապագայի» ծրագիրը, որի շրջանակներում ներառական թատերախմբի երեխաներն արդեն հասցրել են ներկայացումներով հանդես գալ Ապարան եւ Թալին քաղաքներում՝ արժանանալով տեղի հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու գնահատանքին: Քանի որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է,  սա եւս մեկ առիթ է իրազեկելու հասարակությանը, որ յուրաքանչյուր երեխա անհատական զարգացման եւ հասարակության մեջ հավասար հնարավորություններով ապրելու իրավունք ունի»,-ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Նշենք, որ, նոյեմբերի 21-ին թատերախումբն իր առաջնախաղով հանդես եկավ Ապարան քաղաքում, այնուհետ Թալինում։ Նախատեսվում է  ներկայացումներով հանդես գալ նաեւ Գյումրիում։ «Մենք ենք» թատերախումբը ստեղծվել է 2012թ-ին Մանկական զարգացման հիմնադրամի եւ «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) համագործակցության արդյունքում: