ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը՝ դեկտեմբերի 2-ին, ոստիկանները բերման են ենթարկել «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի դստերը Սիրահարների այգու հարակից բակից, որտեղ նա նստած զրուցում էր երեք ընկերների հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին պատմեց Կարո Եղնուկյանը՝ նշելով, որ իր դստերն ու նրա ընկերներին բերման են ենթարկել՝ պատճառաբանելով, որ կասկածներ կան, թե նրանք հետապնդվող հանցագործներ են, եւ հարկավոր է պարզել դա:
«Պարզելու պրոցեսը տևեց 6 ժամ, իսկ օրենքով նախատեսված է, որ բերման ենթարկվածները պետք է 3 ժամից ազատ արձակվեն»,- ասաց Կարո Եղնուկյանը՝ կարծիք հայտնելով, որ ուշ ազատ արձակելու պատճառն այն էր, որ սպասում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցի ավարտին:
Եղնուկյանի խոսքով՝ ոստիկանությունը դեկտեմբերի 2-ին գործել է ոչ թե օրենքով, այլ հրահանգով, քանի որ երթը խաղաղ բնույթ էր կրում, իսկ պաստառներով երտասարդները ոչինչ չէին կարող անել. «Դրանք ոչ զենք էին, ոչ վտանգ էին, ոչ կրակ»:
Ըստ Եղնուկյանի՝ հրահանգ է եղել բոլոր ակտիվիստներին բնում խեղդել. «Որոշ ակտիվիստների տնային կալանքի տակ էին դրել, որոշներին հենց տնից էին տարել, իսկ մնացած ակտիվիստներին դեմքով ճանաչել են և առանց որևէ հարցուփորձի բերման են ենթարկել»։
Նրա խոսքով` դեկտեմբերի 2-ին մենք տեսանք ընդվզող երիտասարդություն, որը ծնվել է անկախությունից հետո և շատ լավ հասկանում են, որ իրենց անկախությունը վտանգի տակ է: «Այդ երիտասարդությունը չի տեսել Սովետական միությունը, միայն լսել է դրա մասին, բայց իրենք իսկապես հիմա վտանգ են զգում»,-ասաց Կարո Եղնուկյանը:
Եղնուկյանը նշեց, որ դեկտեմբերի 2-ի Մաքսային միության դեմ երթին մասնակցել են տարբեր կուսակցությունների անդամ երիտասարդներ, ինչը շատ ոգևորիչ է:











