Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել արջի որսի վերաբերյալ։ Նոյեմբերի 16-ին քրեական հետախույզները գնացել են Քարագլուխ գյուղ` Դավիթ Հայրապետյանի տունը խուզարկելու:
Ոստիկանությունը հայտնում է, որ իրավապահները դեռ խուզարկությունը չէին սկսել, երբ Դավիթ Հայրապետյանը կամավոր ներկայացրել է իր մոտ եղած ողորկափող հրացանը, իսկ խուզարկությունից հետո նրա անասնագոմից հայտաբերվել է արջի գլուխ և թաթեր:
Ոստիկանները խուզարկել են նաև Դավիթի հարևան Զարզանդ Զոհրաբյանի տունը, սակայն մինչև խուզարկությունը Զարզանդը իրավապահներին ներկայացրել է մեկ հատ երկաթե թակարդ, 4 հատ մեկ մետրանոց մետաղալար, մետաղյա օղեր ու մալուխ, որոնցով հարևանները թակարդ են սարքել:
Զարզանդ Զոհրաբյանը ոստիկաններին պատմել է, որ հարևաններով որոշել են թափառող շներին ոչնչացնել, բայց զենք չունենալու պատճառով թակարդ են դրել: Զարզանդի խոսքով՝ պատահմամբ թակարդի մեջ քոթոթ է ընկել: Նրանք գտել են նեխող կենդանուն և Դավիթը կենդանու գլուխն ու թաթերը վերցրել է իրեն:











