Վանաձորում կայացած Ձեռքի գնդակի հանրապետական մրցաշարի օրը` հոկտեմբերի 12-ին, երեւանցի 15-ամյա Դավիթ Հովհաննիսյանի դանակահարության համար մեղադրվող նախկինում դատված «Քուրդ» մականունով 22-ամյա Կարեն Կունգորցեւի դեմ հարուցված քրեական գործը անօրինական է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սպիտակ քաղաքի բնակիչ Միհրան Մելքոնյանը, որը հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 25-ը Կարեն Կունգորցեւի հետ եղել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի թիվ 22 բանտախցում։

Նրա խոսքով՝ հանցագործության գործիք դանակը չի հայտնաբերվել։ Վանաձորում, ըստ նրա, լուրեր են պտտվում, որ սպանությունը կատարել է Վանաձոր քաղաքի Ազգային անվտանգության աշխատակից Արտակ Բաբայանի անչափահաս տղան, որը նույնպես զբաղվում է սպորտով։

«Դեպքի օրը կոնֆլիկտ է եղել այգում իր և սպանված տղայի միջև»,- NEWS.am-ին ասաց Միհրան Մելքոնյանը:

Նրա խոսքով, քննիչը հիմնվում է նրա վրա, որ տեսախցիկները ֆիքսել են Կունգորցեւին, սակայն, Միհրան Մելքոնյանի խոսքով, Կունգորցեւը ձեռքը գրպանում դրած քայլել է և տեսնելով իր ուղղությամբ վազող մի խումբ երիտասարդներին, զարմացել է. «Ընդամենը թեքվել է, նայել է, ես անձամբ տեսել եմ այդ տեսագրությունը»:

«Հոկտեմբերի 21-ին Կունգորցևը տեսակցել է իր մայրիկի հետ, նաև նամակ էր ուղարկել իր ծնողի հետ, որ իրեն ծեծի են ենթարկել Վանաձորի ոտիկանության քրեակատարողական հիմնարկում և ստիպել են ինչ-որ թղթեր ստորագրել, որը նա չի ստորագրել»,- NEWS.am-ին պատմեց Միհրան Մելքոնյանը:

Նրա խոսքով` նամակը ուղարկելուց հետո քննիչ Թադևոսյանը արգելել է տեսակցությունները Կունգորցևի հետ. «Ըստ ինձ, Կարեն Կունգորցևը դեռ շատ բան ուներ ասելու ոստիկանների անօրինական գործողությունների հետ կապված, բռնությունների մասին»:

Միհրան Մելքոնյանը նաև ավելացրեց, որ Կունգորցևին քաղաքացիական համազգեստով ոստիկանները բերման են ենթարկել իր աշխատանքի վայրից գիշերը 01:50-ի սահմաններում:

Կարեն Կունգորցևը և Միհրան Մելքոնյանը 6 օր հացադուլ են հայտարարել և կարել են իրենց բերանները՝ բողոքելով Կունգորցևի նկատմամբ ոստիկանության անօրինական գործողությունների դեմ:

«Բերաններս էինք կարել, ինքնավնասում էինք մեզ արել, և այն հայտարարությունը, որ Կարեն Կունգորցևը մեղքը վերցրել է իր վրա, կեղծիք է, սուտ հայտարաություններ են ոստիկանության աշխատակիցների կողմից»,-ասաց Միհրան Մելքոնյանը:

Միհրան Մելքանյանը նաև նշեց, որ Կունգորցևը նախկինում դատապարտված է եղել մեկ անգամ մեկ տարի ժամկետով` բանակում վիճաբանության ժամանակ դանակով մեկ այլ զինծառայողի վիրավորելու համար, այլ ոչ թե մի քանի անգամ, ինչպես նշվում է մամուլի հրապարակումներում։

Կարեն Կունգորցևի փաստաբան Արայիկ Պապիկյանը NEWS.am-ի հետ զրույցում նույնպես ասաց, որ իր պաշտպանյալը որևէ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել և փաստաթղթեր չի ստորագրել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ի ոստիկանության տարածած տեսանյութում ասվում էր, որ Կարեն Կուրգոնցեւը «բերման ենթարկվելուց հետո խոստովանել է, որ ինքն է դանակահարել պատանուն, պատճառը ընթացքում հնչեցրած հայհոյանքներն էին»։

Կունգորցեւի գործով դատավարությունը սկսվում է դեկտեմբերի 5-ին։