Գլոբալ ցանցում հայատառ էլեկտրոնային բովանդակությունը ավելացնելու ռազմավարության անհրաժեշտություն կա, սակայն այս հարցով ոչ մի կառույց Հայաստանում նպատակաուղղված չի աշխատում։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի տնօրեն Գարեգին Չուգասզյանը՝ ավելացնելով, որ ինտերնետում հայատառ բովանդակության ծավալի ավելացումը մշակութային անվտանգության հետ կապված հարց է, քանի որ արդեն 10 տարուց ավելի է, որ համաշխարհային ցանցը տեղեկատվության հիմնական միջոցն է դարձել մարդկանց համար։ Ըստ նրա՝ ինտերնետում հայատառ տեղեկատվության պակասը չի կարելի պատճառաբանել միայն այն հանգամանքով, որ աշխարհում ապրող հայալեզու մարդիկ են քիչ։
«Հայատառ գրականությամբ հետաքրքրվողների հիմնական մասը բնականաբար հայախոս մարդիկ են, ովքեր ռուսախոսների կամ անգլախոսների համեմատ փոքրաթիվ են, սակայն միայն այդ չափանիշով չի կարելի առաջնորդվել։ 1,3 մլն բնակչություն ունեցող Էստոնիան հսկայական ջանք է գործադրում, որպեսզի էստոներենի ծավալը ինտերնետում անընդհատ աճի»,- ասաց Չուգասզյանը՝ ավելացնելով, ինտերնետը ազգերի համար դարձել է մշակույթի պահպանման կարեւորագույն միջոցներից, որի գիտակցումը դեռ Հայաստանում չկա։
NEWS.am-ի թղթակիցը Google-ի որոնման միջոցով պարզապես փնտրել է, թե հայ ամենահայտնի բանաստեղծներից Եղիշե Չարենցի ստեղծագործություններից հայատառ ինչ գրականություն է հասանելի։ Որոնման արդյունքում առաջին տեղում էր Վիկիպեդիայի հոդվածը, հաջորդիվ անգլերեն հոդված Չարենցի վերաբերյալ, իսկ երրորդ տեղում gayarmenia.blogspot.com կայքն էր, որտեղ հայատառ ներկայացված են Չարենցի համասեռամոլական բնույթի բանաստեղծությունները։
Մնում է միայն հուսալ, որ Մշակույթի նախարարությունը, բյուջեից ստացված գումարները կսկի ավելի նպատակային օգտագործել, եւ հայ գրողների մասին եւ նրանց ստեղծագործություններով բեռնված կայքեր կսկսի բացել։
Նշենք, որ եթե հայ աստղերի մասնակցությամբ մեկ համերգ պակաս կազմակերպվի, ապա այդ գումարը կբավականացնի նմանատիպ մի քանի կայքերի գործարկման համար։




























