Պեկինի համալսարանն զբաղեցրել է Times Higher Education BRICS & Emerging Economies-ի զարգացող երկրների լավագույն բուհերի ինդեքսի առաջին տեղը: Այն հավաքել է 100 հնարավորից  65 միավոր: Ինդեքսի ամբողջական տարբերակը հրապարակված է Times Higher Education-ի կայքում:

63,5 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է եւս մեկ չինական բուհ` Ցինհուայի համալսարանը: 50,5 միավորով երրորդ տեղում  է հարավաֆրիկյան Քեյփ-Թաունի համալսարանը։ Մոսկվայի պետական համալսարանը հավաքել է 41,4 միավոր` եզրափակելով թոփ տասնյակը:

ԲՌՀՉՀ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ ՀԱՀ) երկրների եւ զարգացող տնտեսությամբ պետությունների լավագույն հարյուր բուհերի վարկանիշում բացի ՄՊՀ-ից հայտնվել է նաեւ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը: Այն 67-րդ տեղում է` 23,7 միավորով, հայտնում է «lenta.ru»-ն:

Times Higher Education BRICS & Emerging Economies-ի վարկանիշը հրապարակվում է առաջին անգամ:  Այն հիմնված է Times Higher Education World University Rankings հեղինակավոր ինդեքսի մեթոդի վրա, ըստ որի`լավագույն  բուհերը գնահատվում են 13 չափորոշիչներով` հինգ անվանակարգերում: