Մակեդոնիայում մեկնարկած Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի տարածաշրջանային ընկերությունների գործարար գագաթնաժողովին (RCI IT B2B Matchmaking Summit) Հայաստանը ներկայացել է մեծ պատվիրակությամբ։ Այս մասին NEWS.am-Ինովացիային տեղեկացրին Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի ծառայությունից։

Ըստ մամուլի քարտուղար Ռուզան Ապրեսյանի՝ հայկական պատվիրակությունում ընդգրկված են «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի, «Essential Solutions», «CHS Vericel Service», «Margasoft» ընկերությունների, եւ ՀՀ ԻՏՁՄ ներկայացուցիչները: Համագործակցության նպատակով հայկական պատվիրակությունը բիզնես հանդիպումներ կունենա մակեդոնական «Semos Education», «Momenti» ընկերությունների հետ, «CHS Vericel Service», «Seavus Group», իսկ «Margasoft»-ը` «Euronetcom» ընկերության հետ:

Ապրեսյանը նշեց, որ միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաեւ Հարավային եւ «Հարավարեւելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորում» կառույցի 3-րդ հանդիպումը (South East Europe ICT Forum), որտեղ կքննարկվեն համատեղ իրականացվելիք ծրագրերը, որոնք խթանելու են տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը։

Տեղեկացնենք, որ ՏՏ ոլորտի ընկերությունների գործարար գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 10 երկրների ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ։