Հայաստանի տարածքով իրանական գազի  տարանցման հնարավորությունը ընդմիշտ կորած չէ: Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողներին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսին՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:

 «Հարցը վերջնականապես փակված չէ, եւ հնարավոր է՝ մի քանի տարի անց Հայաստանի ենթակառուցվածքի հնարավորությունները թույլ կտան տարանցում կատարել: Այդ ժամանակ մենք կարող ենք ձեռնամուխ լինել դրան, ինչը մեծ օգուտ կբերի հայկական տնտեսությանը»,- նշել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ Իրանից Հայաստան առաջին գազատարը (Մեղրի-Քաջարան) հանդիսավոր բացվել էր 2007թ. մարտին: Սակայն գազատարի բացվածքը շատ փոքր է տարանցման համար (711 մմ): Այն ժամանակ «ՀայՌուսգազարդի» այն ժամանակվա ղեկավար Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ տարանցման կարիքների համար գազատարի շինարարությունը երեք անգամ թանկ կարժենար եւ  կփոխհատուցվեր միայն երրորդ երկրներ իրանական գազի մատակարարման որոշակի պայմանավորվածությունների դեպքում: