Երեւան-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, դեկտեմբերի 6-ին, ժամը 9.00-ի սահմաններում, ֆիլմի նկարահանման համար մեկնող եւ վթարի ենթարկված դերասաններից Արամ Փիլոսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am թղթակցին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը։ Նրա մոտ առկա է գանգուղեղային տրավմա, գանգի հիմքի կոտրվածք, ուղեղային կոմա եւ այլն:
Վթարի ենթարկված մյուս դերասանների վիճակը լավ է: «Արարատ» բ/կ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց հիվանդանոցում գտնվող երե տգուժածներին էլ երեկ երեկոյան հարազատները տուն են տարել, նրանց վիճակը լավ էր:
Հիշեցնենք, որ Երեւան-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, դեկտեմբերի 6-ին, ժամը 9.00-ի սահմաններում, վթարի են ենթարկվել ֆիլմի նկարահանման համար մեկնող դերասանները: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Արարատի բաժնից հայտնել էին, որ սահմանային դրվագ նկարահանելու նպատակով դերասանների խմբի՝ տաքսի ծառայության մեքենաներով մեկնած մի մեքենան վթարի է ենթարկվել: 34-ամյա Տիգրան Ասոյանի վարած Opel Astra մեքենան բախվել է ճանապարհի շրջանաձեւ հատվածի բետոնե քարերին եւ կողաշրջվել: Վթարի հետեւանքով Տ. Ասոյանը, Վարազդատ Խաչատրյանը, Արկադի Կլեկչյանը, Արամ Փիլոսյանը եւ Ջիվան Նիկոլյանը տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
Հիվանդանոցի ճանապարհին Ջիվան Նիկոլյանը մահացել է: Անձնակազմը նկարահանվում էր «Դիպուկահար» ֆիլմում:



























