Ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը գրանցվել է Twitter միկրոբլոգների ցանցում: Առաջին գրառումը նա հրապարակել էր @StephenKing հասցեում:
«Իմ առաջին թվիթը: Այլեւս կույս չեմ: Մեծահոգի եղեք», - գրել է Քինգը: Ըստ գրողի՝ ինքը պատրաստվում էր իր միկրոբլոգն անվանել @StephenKingAuthor, սակայն մտածել էր, որ այդպես շատ երկար է:
Քինգի օգնական Մարշա Դիֆիլիպոն Associated Press-ի հետ հարցազրույցում հաստատել է միկրոբլոգի իսկությունը՝ հավելելով, որ Քինգին Twitter-ում գրանցվել համոզել են Scribner հրատարակչությունում, հաղորդում է Lenta.ru-ն:
Սթիվեն Քինգը նախկինում այլ սոցցանցերից էր օգտվում՝ ներառյալ Facebook-ը, սակայն Twitter-ում չկար: Twitter-ում իր ներկայությունը մանրամասնելով՝ Քինգը նախազգուշացրել է, որ իր միկրոբլոգում, ամենայն հավանականությամբ, թվիթներ շատ հազվադեպ կհայտնվեն: @StephenKing միկրոբլոգը գրանցվելուց մի քանի ժամ անց արդեն 85 հազար հետեւորդ ուներ։





























