Ամերիկյան խոշորագույն IT ընկերությունները ԱՄՆ հատուկ ծառայություններին կոչ են արել դադարեցնել համացանցում տվյալների հավաքագրումը:
ԱՄՆ իշխանություններին ուղղված համատեղ բաց նամակի հեղինակներն են
Apple, Google, Microsoft, Yahoo, LinkedIn, Facebook, Twitter եւ AOL ընկերությունները, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Financial Times-ը:
Բարաք Օբամային եւ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ուղղված դիմումում, մասնավորապես, ասվում է, որ հատուկ ծառայություների կողմից համացանցի օգտատերերի լրտեսումը պետք է սահմանափակվի օրենքով, իսկ հետախուզական մարմինները պետք է գտնվեն անկախ դիտորդական մարմինների վերահսկողության ներքո:
Առաջատար ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները համարում են, որ գոյություն ունեցող անվտանգության սպառնալիքները չեն արդարացնում ինտերնետը լրտեսելու մասշտաբները, որն իրականացնում են ամերիկյան հատուկ ծառայությունները:
«Ներքոստորագրյալ ընկերությունները հասկանում են, որ կառավարություններին անհրաժեշտ է միջոցառումներ իրականացնել սեփական քաղաքացիներին անվտանգությունն ապահովելու համար, բայց մենք վստահ ենք, որ ներկա օրենքներն ու պրակտիկան պետք է բարեփոխել»,-ասված է բաց նամակում:
Նամակի հեղինակների խոսքով՝ հատուկ ծառայությունների գործունեությունը խախտում է երկրի քաղաքացիների իրավունքներն ու ամերիկյան ազատությունների հիմքերը, որոնք ամրագրված են ԱՄՆ Սահմանադրությունում:





























