Հայաստանի ՊՆ N զորամասի ներքին վերակարգում զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի մահվան փաստով քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ինքնասպանության հասցնելը: Գործի շրջանակներում առայժմ ձերբակալվածներ չկան:
Մեր տեղեկություններով՝ նա զորակոչվել էր բանակ 2012թ գարնանը, այսինքն՝ 2014թ գարնանը պետք է զորացրվեր: Վանիչկա Հովակիմյանը Տավուշի մարզի սահմանային գյուղերից մեկից է: Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունն է հայտնում շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»,-ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:



























