Ծպտված գողը Լոնդոնի պատկերասրահներից  մեկից գողացել է հայտնի բրիտանացի նկարիչ Դամիան Հեյսթի երկու նկարները` Pyronin Y-ը և Oleoylsarcosine-ը, որոնցից մեկն արժե 15 հազար ֆունտ, իսկ մյուսը`18 հազար ֆունտ:

Պատկերասրահի անվտանգության տեսախցիկը տեսագրել է մոտ 1 րոպեում կատարված գողությունը, որում երևում է` ինչպես է դիմակավորված գողը նիգով բացում պատկերասրահի դուռը, մտնում ներս, գողանում պատից կախված Դամիան Հեյսթի նկարները և տեղադրում պատկերասրահի առջև կանգնած մեքենայի մեջ:

Daily Maily-ը տեղեկացնում է, որ նկարները Հեյսթի ամենահայտնի աշխատանքներից են, որոնցից  Pyronin Y-ը նկարիչն ավարտել է 2005թ., իսկ Oleoylsarcosine-ը` 2008թ.: Նկարները միանման աշխատանքներ են, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր կաղապարներում դասակարգված գունավոր կետեր:

Բրիտանական ոստիկանությունը հայտնել է, որ հնարավոր է `գողը գործել է պատվերով:

Պատկերասրահի մենեջերը նշել է, որ պատկերասրահը ազդանշանային համակարգ ունի, բայց այն չի աշխատել: Նա նաև նշել է, որ գողը լավ է կատարել իր աշխատանքը։