Մեքսիկացի պրոֆեսոր Կարլոս Անթառամյանը գիտական ամսագրի իր հոդվածում որոշ մանրամասներ է ներկայացրել Մեքսիկայում ադրբեջանական լոբբիի գործողությունների վերաբերյալ ու դատապարտել դրանք: Այդ մասին հաղորդում է արգենտինական լրատվական Prensa Armenia գործակալությունը:
«Ինչո՞ւ Մեքսիկան, մի երկիր, որը Հոլոքոստից բացի որեւէ այլ ցեղասպանություն խորհրդարանական հայտարարություններում չի ճանաչել, Խոջալուի իրադարձությունները քննարկման առարկայի է վերածել»,- հարցնում է Անթառամյանը: «Դրանից հետո 2011թ.-ի վերջին Մեխիկոյում երկու հրապարակներ բացվեցին, որոնք վերակառուցել էր Ադրբեջանի կառավարությունը»,- պատասխանում է նա՝ հավելելով, որ խորհրդարանական հայտարարություններն ու հրապարակների վերանորոգումը վկայում են Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխթարովի կողմից արդյունավետ լոբբինգի մասին եւ այն մասին, որ Ադրբեջանը սպառնացել է դադարեցնել ներդրումները, երբ մեքսիկացիները որոշել են հեռացնել Ալիեւի արձանը:
Հոդվածում նշվում է , որ դեսպանի Մուխթարովի կողմից լոբբինգի օրինակներից մեկը «կոնֆերանսներն էին, որ տեղի էին ունեցել Մեքսիկայի համալսարանում, որպեսզի ներկայացնեն Խոջալուի իրադարձությունների ադրբեջանական տարբերակը»: Պրոֆեսորը ցույց է տալիս Ադրբեջանի կողմից պատմությունը խեղաթյուրելու եւ շահարկելու երեւույթները:
«Հայտնի է, որ պատմությունը երբեմն շահարկվում է եւ վերաշարադրվում տարածքային պայքարում հզոր գործիք ծառայելու համար, նույնիսկ այլ խմբերի մշակույթն ու ինքնությունը ժխտելու միջոցով»: Միեւնույն ժամանակ Անթառամյանը հիշեցնում է, որ «յուրաքանչյուր ադրբեջանցի, ով համարձակվում է մարտահրավեր նետել Ադրբեջանի պատմության պաշտոնական տարբերակին, այս երկրի կառավարության կողմից դավաճան է ճանաչվում»:
Պրոֆեսորը հիշեցնում է նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Մեքսիկա կատարած այցի մասին, երբ նա հայտնել էր, որ «Մեքսիկայի պալատների կողմից արված հայտարարություններն իրենց մեջ պարունակում են ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ փաստերի խեղաթյուրում»: «Այդ փաստաթղթերը կազմվել էին, հաշվի առնելով միայն Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանության դիրքորոշումը, շնորհիվ դեսպան Իլգար Մուխթարովի լոբբիստական գործունեության: Նա որպես Լատինական Ամերիկայում հատուկ հանձնարարություններով դեսպան Լատինական Ամերիկայի մեկ այլ կոնգրեսում նույնպես հասել է փաստաթղթի վավերականացման»,- պարզաբանել է Անթառամյանը՝ վկայակոչելով Կոլումբիայի դեպքը:
Բացի այդ պորֆեսորը քննադատել է տարբեր քաղաքական ուժերին, որոնք նպաստել են Խոջալուի դեպքերի վերաբերյալ խորհրդարանական հայտարարության ընդունմանը, համաձայնել են Հեյդար Ալիեւի արձանի ու «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանգնեցմանը:
Նշենք, որ դոկտոր Կարլոս Անթառամյանը, ով գիտական աստիճան ունի միջազգային հարաբերությունների եւ սոցիալական մարդաբանության բնագավառում, այս պահին Միչիգանի քոլեջի մուլտիմեդիական արտադրության բաժնում հետազոտող ու պրոֆեսոր է հանդիսանում, ինչպես նաեւ ուսումնասիրություններ է կատարում «Հայերի արտագաղթը Լատինական Ամերիկա» թեմայով:





























