Ճապոնական «Տորոբո կուն»  ռոբոտը բուհի ընդունելության քննություններ է հանձնել, որը նրան հնարավորություն է տալիս սովորել երկրի մասնավոր համալսարաններից 70%-ում, հայտնում է «Իյոմիուրի սիմբունը»:

Ստացված արդյունքները ռոբոտին հնարավորություն են տալիս սովորել 579 մասնավոր համալսարաններից 403-ում: Քննության ժամանակ գիտնականները որոշել էին ստուգել ռոբոտի հնարավորությունները՝ լեզուները ճանաչելու եւ տեքստերը կարդալու գծով:   Արդյունքում «Տորոբո կունը» ցածր գնահատականներ էր ստացել անգլերենից եւ ճապոներենից, քանի որ տեքստերը հասկանալու համար լեզուների խոր իմացություն է հարկավոր, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Այնուամենայնիվ, ռոբոտը բարձր գնահատականներ է ստացել Ճապոնիայի պատմությունից, համաշխարհային պատմությունից եւ մաթեմատիկայից:

«Տորոբո կունը» ստեղծել են Ինֆորմատիկայի ազգային ինստիտուտի մասնագետները՝ մի շարք ձեռնարկությունների հետ համատեղ: Նա կարողանում է ճանաչել բառերը եւ տրամաբանական բարդ խնդիրներ լուծել: